ՀՀ նախագահը կարևոր է համարում համայն հայության ներուժի ծառայեցումն ի շահ Հայրենիքի ու հայ ժողովրդի

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը կարևորել է համայն հայության ներուժի ծառայեցումն ի շահ Հայրենիքի ու հայ ժողովրդի։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի, Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Սերժ Սարգսյանը կարևորել է հայկական բոլոր կազմակերպությունների գործունեությունը հայապահպանության բնագավառում», - տեղեկացրեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայ Ավետարանչական ընկերակցությանը 90-ամյակի կապակցությամբ և նշել, որ այն լավ առիթ է գնահատելու անցած ճանապարհը:
Երկրի ղեկավարը նոր ստեղծվող Սփյուռքի նախարարության հիմնական խնդիրներն է համարել հայապահպանությունը, հայրենադարձությունը, հայության կարողությունների ամբողջական ու նպատակային օգտագործումը:
Հանդիպման մասնակիցներն ամփոփ ներկայացրել են Հայ Ավետարանչական ընկերակցության ստեղծման պատմությունը: Նրանք անդրադարձել են ընկերակցության կողմից Հայաստանում և ԼՂՀ-ում տարբեր ոլորտներում ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին և ներկայացրել են նախատեսվող նոր ձեռնարկները:-0-