Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել 139 հոգու. հանձնաժողով

Գլխավոր դատախազության տվյալներով, Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է ներկայացվել 139 քաղաքացու, հայտնեց մարտի 1-2 դեպքերի և դրանց պատճառների հետազոտմամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
«Տվյալները ներկայացված են հուլիսի 21-ի դրությամբ։ Ընդ որում, 108 մեղադրյալների նկատմամբ որպես պատժամիջոց ընտրվել է ձերբակալությունը, 22-ի նկատմամբ՝ չմեկնելու ստորագրությունը, 118 մեղադրյալների նկատմամբ պատժամիջոցը ձերբակալությունից փոփոխվել է այլ միջոցի»,- ասաց Նիկոյանը երեքշաբթի հանձնաժողովի նիստի ժամանակ։
ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ վիրավորվել է։
Նիկոյանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ հետաքննչական ծառայությունը դատարան է ուղարկել 82 գործ 95 անձի նկատմամբ, որոնցից 71 մարդու նկատմամբ 62 գործի դատական հետաքննությունն արդեն ավարտվել է, մյուս քրեական գործերի վարույթը շարունակվում է։
«Դատարան ուղարկված գործերով 71 մարդուց հինգն արդարացվել է, 30-ին ազատազրկման են ենթարկել, 4-ին դատարանը պարտադրել է տուգանք վճարել, 32 անձի նկատմամբ դատարանը քրեական օրենսգրքի 70 հոդվածն է կիրառել և պայմանականորեն պատժամիջոց չի կիրառել՝ փորձնաժամկետ հաստատելով»,- ասաց հանձնաժողովի ղեկավարը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ազատազրկման ենթարկվածներից մեկի նկատմամբ դատարանը զիջողականություն ցուցաբերեց՝ նրան ավելի մեղմ պատժի ենթարկելով, քան նախատեսված է հոդվածով։
Նիկոյանի բերած տվյալներով, 2008 թ.-ի հուլիսի 21-ի դրությամբ իշխանությանը բռնի տիրանալու և իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնություն կիրառելու նպատակով զանգվածային անկարգությունների գործի շրջանակներում նախնական կալանքի տակ են գտնվում 16 մեղադրյալներ, ևս 7-ի նկատմամբ որպես պատժամիջոց ընտրվել է չմեկնելու մասին ստորագրությունը։
Մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 16-ին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում։ Բանաձևն ընդունվել է ապրիլին մարտի 1-ին՝ ընդդիմության կողմից անցկացված հանրահավաքից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բարդ քաղաքական իրավիճակի կապակցությամբ։-0-