Հայկական ծիրանի արտահանումը 7,2 հազար տոննա է կազմել. Գյուղատնտեսության նախարարություն

Վերջին տվյալներով Հայաստանն ընթացիկ տարում արտահանել է 7 հազար 183 տոննա ծիրան՝ 2007 թ.-ի 772 տոննայի համեմատ, հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։
Արտահանվող հայկական ծիրանի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։
«Այս տարին շատ բարեհաջող էր ծիրանի համար։ Նախնական տվյալներով, բերքը 70-75 հազար տոննա է կազմում, որից այս տարի արտահանվել է 7 հազար 183 տոննան. սա վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Փոխնախարարը նշեց, որ ծիրանն ազգային արժեք է ներկայացնում և ակտիվորեն օգտագործվում է ներքին շուկայում։ Նա նշեց, որ հայ ընտանիքներն ամառվա ամիսներին ծիրանն օգտագործում են ոչ միայն որպես թարմ միրգ, այլև կոմպոտներ, հյութեր, մուրաբաներ, ինչպես նաև չրեր են պատրաստում։
«Գյուղերում ոչ մի ընտանիք չկա, որտեղ այս օրերին պահածոներ չպատրաստվեն այդ հրաշալի պտղից տարվա ընթացքում գործածելու համար»,- ասաց Գալստյանը։
Ընդհանուր առմամբ, փոխնախարարը նշեց, որ այս տարի Հայաստանին հաջողվել է բարձրացնել մի շարք մշակաբույսերի արտահանման ցուցանիշները։ Այսպիսով, վերջին տվյալներով, դեղձի արտահանումը 9 ու կես հազար տոննա է կազմել՝ 2007 թվականի 2,1 հազար տոննայի համեմատ, իսկ սալորինը՝ 398 տոննա՝ 2007 թ.-ի 6 տոննայի համեմատ։
«Ինչպես տեսնում եք, այս տարվա արտահանման ծավալը բավական լրջորեն գերազանցում է անցած տարվա ծավալը, ինչը պայմանավորված է այս տարվա բարձր կայուն բերքատվությամբ. բանն այն է, որ անցած տարի վաղ գարնանային ցրտահարությունները լուրջ վնաս հասցրեցին մշակաբույսերին, մասնավորապես ծիրանին, որի բերքը շատ քիչ ստացվեց»,- ասաց Գալստյանը։ --0--