Անվտանգության համակարգերն անհրաժեշտ է կառուցել տարածաշրջանի երկրների փոխգործակցության հիման վրա. Բորդյուժա

22.07.2008, 15:02
Անվտանգության համակարգերն անհրաժեշտ է կառուցել տարածաշրջանի երկրների փոխգործակցության հիման վրա. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ անվտանգության համակարգերն անհրաժեշտ է ստեղծել կոնկրետ տարածաշրջանի երկրների փոխգործակցության հիման վրա։

«Անվտանգության համակարգերն անհրաժեշտ է ստեղծել այս տարածաշրջանում գտնվող պետությունների փոխգործակցության հիման վրա, այլ ոչ թե այն պետությունների, որոնք այստեղից գտնվում են տասնյակ հազարավոր կիլոմետրերի վրա», - ասաց Բորդյուժան երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Վրաստանի, Ուկրաինայի և այլ պետությունների անվտանգության ողջ համակարգը հիմնված է, առաջին հերթին, նախկին միութենական հանրապետությունների, այժմ ինքնավար պետությունների հետ փոխգործակցության հիման վրա։ «Մենք ունենք կադրերի պատրաստման մեկ դպրոց, մեկ սպառազինություն, մարտավարական մեկ դպրոց, միանման մենթալիտետ», - ասաց Բորդյուժան։

Գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ, մասնավորապես, Վրաստանը մասնակցում է պաշտպանության բնագավառում ԱՊՀ հավաքական մի քանի նախագծերի,  այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգին, որից նա վերջերս դուրս եկավ։

Միաժամանակ Բորդյուժան ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը չի հանգեցնի կայունության, այլ միայն ապակայանուցման համապատասխան տարրեր կմտցնի հետխորհրդային տարածքում։-0-