ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը չի հանգեցնի աշխարհում ավելի մեծ կայունության. Բորդյուժա

22.07.2008, 14:12
ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը չի հանգեցնի աշխարհում ավելի մեծ կայունության. Բորդյուժա
ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը չի հանգեցնի աշխարհում ավելի մեծ կայունության. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդլայնումը չի կարող աշխարհում ավելի մեծ կայունության հանգեցնել։

«Մենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը բացասական ենք վերաբերվում։ Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների շուրջ, առաջին հերթին Ռուսաստանի և Բելառուսի շուրջ, այսօր ստեղծվում են նոր ռազմական ենթակառուցվածքներ։ Դա վերաբերում է առաջավոր բազաներին Բուլղարիայում և Ռումինիայում, ռադարների ստեղծման փորձերին Մերձբալթիկայում, ենթակառուցվածքների ստեղծմանը Կենտրոնական Ասիայում», - ասաց Բորդյուժան երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք հասկանում ենք, որ այդ ռազմական ենթակառուցվածքները ստեղծվում են, և դրա համար հսկայական միջոցներ են ծախսվում ինչ-որ քաղաքական խնդիրների իրականացման համար, և այդ խնդիրներն, ամեն դեպքում, կապված են ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների հետ։ Ենթակառուցվածքների նման միակողմանի տեղաբաշխմանը մենք այլ կերպ վերաբերվել չենք կարող», - նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի մեխանիկական ընդարձակումը չի հանգեցնի ավելի մեծ կայունության, համաշխարհային հանրության նորմալ զարգացման ավելի մեծ վստահության։ «Կարծում եմ, որ կան հավաքական անվտանգության համակարգերի ստեղծման այլ միջոցներ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհում ընդհանրապես, այդ տարբերակներն անհրաժեշտ է օգտագործել, այլ ոչ թե պարզապես մեխանիկորեն գրավել, ընդ որում երբեմն ՆԱՏՕ-ի անդամակցությունը պարտադրել որոշ պետությունների», - նշեց Բորդյուժան։

Խոսելով հետխորհրդային տարածքի դաշինքների մասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են այդ դաշինքներն արձագանքում այդ տարածքում անվտանգության ապահովմանը։

«Մենք միանգամայն hստակ հասկանում ենք, որ ցանկացած ինքնավար պետություն կարող է մտնել ցանկացած միջազգային միության մեջ և կարող է այդ միության մեջ գործել։ Գլխավորը, որպեսզի նպատակը աշխարհում կայունության ամրապնդումը լինի», - նշեց Բորդյուժան։

Նրա խոսքերով, այսօր հետխորհրդային տարածքի բոլոր պետություններին միայն մեկ բան է անհրաժեշտ՝ կայունություն՝ տնտեսական աճը շարունակելու, սոցիալական ծրագրերն ապահովելու համար։ «Հենց այդ կայունությանն ենք մենք փորձում հասնել, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ գործունեության միջոցով», - ասաց Բորդյուժան։-0-