Հայաստանը կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ում առաջիկա նախագահությանը. ԱԳՆ ղեկավար

21.07.2008, 19:25
Հայաստանը կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ում առաջիկա նախագահությանը. ԱԳՆ ղեկավար
Հայաստանը կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ում առաջիկա նախագահությանը. ԱԳՆ ղեկավար

Հայաստանը կարևորություն է տալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր առաջիկա նախագահությանը և կաշխատի կազմակերպության անդամ երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես երկուշաբթի ՀՀ ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունից հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, Նալբանդյանն ու Բորդյուժան քննարկեցին ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության և այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր։  

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվեցին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմիների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նալբանդյանն ու Բորդյուժան քննարկեցին նաև Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ-2008» զորավարժությունների հետ կապված հարցեր, որոնց բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին։

«Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն 2008թ. ամռանն ու աշնանը 4 փուլով՝ Հայաստանի ու Ռուսաստանի տարածքում. դրանց կմասնակցեն շուրջ 4 հազար զինծառայողներ Հայաստանից, Ռուսաստանից ու Տաջիկստանից։ --0--