Հայաստանը ողջունում է Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությունը «Համատեղ աղեղ/ Համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններին

21.07.2008, 18:39
Հայաստանը ողջունում է Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությունը «Համատեղ աղեղ/ Համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններին

Հայաստանը ողջունում է Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությունը «Համատեղ աղեղ/ Համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններին` ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ։

ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/ Համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները (Cooperative Longbow/ Lancer) Հայաստանում կմեկնարկեն 2008թ. սեպտեմբերի 15-ից և կընթանան երկու փուլով՝ հրամանատարաշտաբային և դաշտային զորավարժություններ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարար Օհանյանը հավաստեց, որ մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին նպաստում է երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությանը։ 

Օհանյանը նշեց, որ Մեծ Բրիտանիան ժողովրդավարական ավանդական արժեքներ ու ավանդույթներ ունեցող, ինչպես նաև Եվրոպական Միության առանցքային երկրներից է, որի հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակելու է պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումը:

Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց բրիտանական կառավարությանը` առ այսօր ցուցաբերած օգնության համար և պատրաստակամություն հայտնեց, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել վերջիններիս:

«Համատեղ աղեղ/ Համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններին մասնակցելու համար հաստատվել է 22 երկիր, որոնցից 7-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Լիտվան և Կանադան։ Նաև գրանցված են ՆԱՏՕ-ի գործընկերային՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» և «Ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի մասնակից-երկրները։ Հետխորհրդային տարածքի երկրներից զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և Մոլդովան։--0—