ՀՀ նախագահը խնդիր չի տեսնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման առումով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ լուրջ խնդիր չի տեսնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման առումով։
«Մենք իրավունք չունենք մեր հարևաններից ու բարեկամներից պահանջել, որպեսզի նրանք զերծ մնան մեզ հետ բարեկամական կապեր չունեցող երկրների հետ հարաբերություններ ունենալուց, կարևորն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չզարգանան հայ-ռուսական հարաբերությունների հաշվին»,- ասաց երկրի ղեկավարը՝ իր նախագահության 100 օրվա կապակցությամբ երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ վերջերս Բաքու կատարած այցն ու այցի ընթացքում կնքված պայմանագիրը։
Երկրի ղեկավարն ասաց, որ ծանոթ է ադրբեջանական կողմից եկող և հայկական արմատական ընդդիմության կողմից հնչեցվող կարծիքներին այն մասին, որ Մեդվեդևի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հայկական արտաքին քաղաքականության տապալումն է։
«Ոչ մի երկրի ոչ մի նախագահ չի կարող չճանաչել մյուս պետության տարածքային ամբողջականությունը, ինչպես չի կարող չճանաչել ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքերով, Մեդվեդևի այցի ընթացքում կնքված ռուս-ադրբեջանական պայմանագրում տեղ գտած ձևակերպումներն ընդգրկված են եղել երկկողմանի պայմանագրում դեռևս 1997 թ.-ին և վեց անգամ փաստաթղթից փաստաթուղթ տեղափոխվել։
«Դուք պարզապես համեմատեք իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կնքված փաստաթղթի և Մեդվեդևի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կնքված փաստաթղթի դրույթների հսկայական տարբերությունն ու կտեսնեք, որ ոչ մի արտասովոր բան չի պատահել»,- ասաց Սարգսյանը։ --0--