Հայաստանում ժողովրդավարական հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է փոխել բնակչության մտածելակերպը. վարչապետ

21.07.2008, 14:05
Հայաստանում ժողովրդավարական հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է փոխել բնակչության մտածելակերպը. վարչապետ
Հայաստանում ժողովրդավարական հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է փոխել բնակչության մտածելակերպը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ազատ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է փոխել բնակչության մտածելակերպը, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ամենաբարդ լուծում պահանջող հարցերն առաջին հայացքից ամենապարզն են թվում։ Օրինակ, ինչպես Հայաստանում մեկ օրվա ընթացքում ստեղծել ժողովրդավարական հասարակություն, որտեղ կգործեն բոլոր ժողովրդավարական կանոնները, կաշխատի ազատ մամուլը և հեռուստատեսությունը, կանցկացվեն հանրահավաքներ և երթեր», - շաբաթ օրը Ծաղկաձորում ասել է Սարգսյանը՝ «Դեպի Հայք» հիմնադրամի հայկական սփյուռքի կամավորների հետ հանդիպման ժամանակ։

Հիմնադրամի կամավորները գտնվում են «Տիրամայր Հայաստանի» ճամբարում, որտեղ այժմ հանգստանում է Լոռու և Շիրակի մարզի, ինչպես նաև հայաբնակ Ջավախք (Վրաստան) տարածաշրջանի  անապահով ընտանիքների 198 երեխա։

Վարչապետի խոսքերով, Հայաստանում ժողովրդավարական հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդավարական արժեքներ կրող մարդիկ ունենան ժողովրդավարական մտածելակերպ։

«Եթե մարդկանց մոտ բացակայում է նման մտածելակերպը, ապա նրանց ոչինչ չի ստիպի փոխվել։ Խնդիրն այստեղ դաստիարակության մեջ է՝ եթե մենք կարողանանք Հայաստանում քաղաքացիներին դաստիարակել ժողովրդավարության ոգով, ապա կփոխենք իրավիճակը», - տեղեկացրել է վարչապետը։-0-