Հայաստանում դրական տեղաշարժեր են նկատվում ՄՊՔ անցկացման գործում. նախարար

18.07.2008, 16:19
Հայաստանում դրական տեղաշարժեր են նկատվում ՄՊՔ անցկացման գործում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ակնհայտ դրական տեղաշարժեր են նկատվում Միասնական պետական քննությունների անցկացման գործում, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Միասնական պետական քննությունները (ՄՊՔ) Հայաստանում անցկացվեցին հունիսի 2-17-ը, իսկ լրացուցիչ Միասնական պետական քննությունները՝ հուլիսի 4-10-ը: Ընդհանուր առմամբ ՄՊՔ-ին մասնակցեց շուրջ 14 հազար մարդ, քննություններն անցկացվեցին 4 բլոկով՝ հայոց լեզու և գրականություն (միջին բալը 13,02), մաթեմատիկա(15), ռուսաց լեզու(16,2), օտար լեզու(15):

«Դա, առաջին հերթին, վերաբերում է քննությունների ընդհանուր մթնոլորտին: Դրանք անցան հաճելի մթնոլորտում, և քննական գործընթացի կազմակերպման տեխնիկական կողմի առնչությամբ բողոքներ գրեթե չեն եղել, ինչը մեզ համար հատկապես կարևոր է,»- նա ասաց լրագրողներին ուրբաթ:

Սեյրանյանը նշեց, որ մասնագետներն ու քննական հանձնաժողովների անդամները բողոքներ չեն ներկայացրել քննական թեսթերի բովանդակության կապակցությամբ:

«Պակաս կարևոր չէ նաև այն, որ դիմորդները դրական են տրամադրված քննությունների հանդեպ. նրանք նշում են կազմակերպչական բարձր մակարդակի, ինչպես նաև մասին այն մասին, որ իրենց ստացած միավորները  արտահայտել են իրենց գիտելիքները քննության անցկացման ժամանակահատվածում»,- ընդգծեց նա:    

Բացի այդ, նախարարի խոսքերով, այս տարի բողոքարկման դիմումների աննախադեպ փոքր թիվ է գրանցվել: «Ընդ որում, բողոքների ճնշող մեծամասնությունը վերաբերում էր տեխնիկական անճշտություններին ու քննական գործընթացի կազմակերպման հետ կապված բացթողումներին»,- բացատրեց նա:   

ՀՀ կրթության նախարարության տվյալներով, 2008-ին 1839 բողոքարկման դիմում է ներկայացվել՝ բոլոր չորս քննական բլոկներով: Ընդ որում, 161-ի դեպքում դիմումների ուսումնասիրության արդյունքում վերջնական բալերը փոխվել են:

Միաժամանակ Սեյրանյանն ասաց, որ քննությունների ընթացքում մի շարք թերություններ են ի հայտ եկել, որոնց վերացման հետ կապված աշխատանքները կսկսվեն արդեն ընթացիկ տարվա սեպտեմբերից:

«Առաջին հերթին խոսքը որոշ առարկաների գծով թեսթերի մակարդակի անհամապատասխանության մասին է, մասնավորապես՝ մաթեմատիկայի,»- պարզաբանեց նա:

Նախարարի խոսքերով, մյուս թերությունն այն էր, որ մասնագետների, ուսուցիչների և որոշ ծնողների վկայությամբ, մաթեմատիկայի թեսթերի լուծման համար նախատեսված երեքուկես ժամը բավարար չէր թեսթային բոլոր հարցերի լիարժեք լուծման համար:

Հայաստանի բուհերի ընդունելության քննությունները կսկսվեն 2008թ.-ի հուլիսի 20-ին և կընթանան մինչև օգոստոսի 10-ը: --0--