Գյումրի քաղաքի պատմական տեսքը կվերականգնվի մինչև 2012 թ.-ը. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրու պատմամշակութային ու ճարտարապետական միջավայրը վերականգնված կլինի մինչև 2012 թվականը, հայտնեց ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը:
«ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է քաղաքի պատմական կենտրոնի՝ Կումայրու վերականգնման ու զարգացման ծրագրի առաջնային ուղղությունները»,- ասաց Նանյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:
Շիրակի մարզպետը նշեց, որ ըստ ծրագրի, մինչև 2012 թվականը նախատեսվում է վերականգնել Կումայրի պատմական կենտրոնը, ավարտին հասցնել անավարտ օբյեկտների շինարարությունը, դրանց հարակից հողերի բարեկարգումը, 1988 թվականի երկրաշարժից քանդված շենքերի տարածքների մաքրումը:
Նանյանը նշեց, որ քաղաքը զարգացման մեծ ներուժ ունի և հայտնի է իր շենքերի ճարտարապետությամբ: «Քաղաքի շինությունների գեղեցկությամբ հիանում են ոչ միայն քաղաքի հյուրերը, այլև Գյումրի այցելող օտարերկրյա ճարտարապետները»,- ավելացրեց նա:
Կումայրու պատմամշակութային ու ճարտարապետական տեսքի վերականգնման ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է հունիսի 13-ին: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին հանձնարարված է կազմել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի քաղաքաշինական, մշակութային, հողօգտագործման, տնտեսական, ինչպես նաև ծրագրի մշակման ու իրագործման աշխատանքների կոորդինացմամբ ու զարգացմամբ, և մինչև դեկտեմբերի 15-ը միջոցառումների ծրագիրը ներկայացնել կառավարության քննարկմանը: --0--