ՀՀ նախագահը շնորհավորել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի հայ արձակագիր և թատերագիր Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Լինելով հայ նորագույն արձակի և թատրերգության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Դուք նորարարական շունչ հաղորդեցիք արդի հայ գրականությանը, յուրովի տեսաք ու գնահատեցիք իրականությունը, թարմացրիք հայ արձակի լեզուն` Ձեր ստեղծագործությունների առանցքում պահելով ազգային կեցության և պատմության, համամարդկային արժեքների քննության բարդ խնդիրները», - ասվում է նախագահի ուղերձում։
ՀՀ նախագահը նշել է, որ Զեյթունցյանն իր 70-ամյա հոբելյանը դիմավորում է ծանրակշիռ վաստակով՝ ոչ միայն որպես արձակագիր, դրամատուրգ ու հրապարակախոս, այլև քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող գրական հեղինակություն:
«Ընդունեք իմ ջերմագին բարեմաղթանքները, ցանկանում են քաջ առողջություն և նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ գրականության», - ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։-0-