Երևանում ամփոփվել են «Ռեժիսորներ առանց սահմանների» երկրորդ տարածաշրջանային համաժողովի արդյունքները

17.07.2008, 17:58
Երևանում ամփոփվել են «Ռեժիսորներ առանց սահմանների» երկրորդ տարածաշրջանային համաժողովի արդյունքները
Երևանում ամփոփվել են «Ռեժիսորներ առանց սահմանների» երկրորդ տարածաշրջանային համաժողովի արդյունքները

Երևանում հինգշաբթի տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» երկրորդ տարածաշրջանային համաժողովի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Համաժողովն ընթանում էր «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

ՀՀ մշակույթի նախարարության մրցանակը շնորհվեց հայ կինոռեժիսոր, հանրահայտ գրող Հրանտ Մաթևոսյանի որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին՝ «Ալպիական մանուշակ» ֆիլմի նախագծի համար։ Կինոնախագծի սյուժեի հիմքում հայ գրող Ակսել Բակունցի համանուն պատմվածքն է։

«Կինոն մշակույթի այն ուղղություններից է, որը կարող է հաղթահարել բոլոր խոչընդոտները՝ ինչպես լեզվական, այնպես էլ ռասսայական»,- ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ մրցանակը կինոռեժիսորին հանձնելով։ Հանրապետության մշակույթի նախարարությունը ռեժիսորին 5 հազար ԱՄՆ դոլար գումար տրամադրեց կինոնախագծի զարգացման համար։  

Ռոտերդամի միջազգային փառատոնի Հուբերտ Բալսի հիմնադրամի մրցանակը շնորհվեց վրացի կինոռեժիսորներ Անդրո Սակվարելիձեին և Գիգե Չխեիձեին՝ համաժողովին ներկայացված «Վաշինգտոն» գեղարվեստական ֆիլմի նախագծի համար։ «Վաշինգտոն» կինոնախագծի զարգացման համար Հուբերտ Բալսի հիմնադրամը ռեժիսորներին 5 հազար եվրո գումար տրամադրեց։

Եվ «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր հովանավոր՝ Հայաստանի բջջային հեռախոսակապի օպերատոր VivaCell-ի կողմից երրորդ մրցանակին արժանացավ հայ կինոռեժիսոր Մարիա Սահակյանը, որը համաժողովին մասնակցելու համար «Ես պատրաստ եմ փոխել իմ անունը» հայ-ռուս-ֆրանսիական նախագիծ էր ներկայացրել։ 

Երեք հիմնական մրցանակներից բացի շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։ Մասնավորապես, սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը՝ որպես հայկական սփյուռքի կյանքը պատկերող լավագույն ֆիլմ մրցանակ շնորհեց ԱՄՆ-ից կինոռեժիսոր Էրիկ Նազարյանին՝ «Կապույտ ժամ» ժապավենի համար։ 

«Հանդուրժողականություն առանց սահմանների» մրցանակին արժանացավ ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը՝ «Հովվի երգը» ֆիլմի համար։

Համաժողովի ծրագրին մասնակցելու համար ներկայացվել էր 12 կինոնախագիծ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից, Ուկրաինայից և Մոլդովայից։

Համաժողովին ներկայացված կինոնախագծերի քննարկմանը մասնակցեցին կինոքննադատներ ու մի շարք կինոփառատոնների ներկայացուցիչներ, մասնավորապես, Ռոտերդամի միջազգային փառատոնի Հուբերտ Բալսի հիմնադրամի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսան փրոմոուշենի ծրագրի ներկայացուցիչները։

Հինգերորդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացվել է հուլիսի 13-ին և կընթանա մինչև հուլիսի 20-ը։ --0--