ՀՀ արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

17.07.2008, 13:38
ՀՀ արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական և Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղիները», - նշեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը։

Նալբանդյանն ու Ֆրիդը մտքեր են փոխանակել նաև  Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների և հետևանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-