Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի նոր` «Tetro» ֆիլմը էկրան կբարձրանա 2009 թվականի մայիսին. պրոդյուսեր

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի կինռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի նոր՝ «Tetro» ֆիլմը էկրան կբարձրանա 2009 թվականի մայիսին, տեղեկացրեց ֆիլմի գործադիր պրոդյուսեր Անահիտ Նազարյանը։
«Մեկ շաբաթ առաջ մենք ավարտեցինք համատեղ վերջին ֆիլմի աշխատանքները, որի նկարահանումներն արվում էին Արգենտինայում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ղեկավարության հրավերով Երևանում գտնվող Նազարյանը։
Նազարյանի խոսքերով, Կոպոլայի նոր ֆիլմը երկու եղբայրների պատմություն է, ովքեր հանդիպում են երկար տարիների բաժանումից հետո։
«Դա խորը անձնական դրամա է և շատ է տարբերվում կինոռեժիսորի մյուս աշխատանքներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմում նկարահանվել են երիտասարդ դերասաններ։ Պրոդյուսերն ասաց նաև, որ կինոնկարի գլխավոր հերոսի անունը հիմք է հանդիսացել ֆիլմի անվանման համար։
«Ես արդեն 27 տարի համագործակցում եմ Կոպոլայի հետ, այդ ժամանակահատվածում մենք միասին նկարահանել ենք 16 կինոնկար»,- եզրափակեց նա։
Կոպոլայի, ում ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե ծիրանի» շրջանակներում, ֆիլմերի պրոդյուսերը փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգի մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։
«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը բացվել է Երևանում հուլիսի 13-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։--0-