ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պահանջել է «Իրավունք de facto» թերթից՝ փոխել անվանումը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 20 օր ժամկետ է տվել «Իրավունք de facto» թերթին՝ վերաձևավորման կամ անվանումը փոխելու համար։
Ինչպես չորեքշաբթի հանձնաժողովի նիստին հայտնեց ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վարչության պետ Վահագն Կսպոյանը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, որի տպագիր մարմինն է «Իրավունք» թերթը, դիմել է հանձնաժողվին՝ հայտնելով, որ 2008 թվականի հունիսի 3-ից «Տեսակետ» ընկերության կողմից հրատարակվում է «Իրավունք de facto» թերթը, որի անվանումը շփոթության աստիճան նման է տասնամյակներ շարունակ իրենց կողմից հրատարակվող «Իրավունք» պաշտոնաթերթին։
«ՏՄՊՊՀ փորձագետները գնահատել են անվանումների նմանության աստիճանը և եզրակացրել, որ «Իրավունք de facto» անվանումը շփոթություն է առաջացնում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ «de facto» արտահայտությունը գրված է չափազանց փոքր տառատեսակով, և թերթերի դիզայնը չափազանց նման է»,- ասաց նա։
«Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանն իր հերթին նշեց, որ կուսակցության թերթն «արդեն ունի իր ապրանքանիշը և ընթերցողների վստահությունը»։ Նրա կարծիքով, շարքային ընթերցողը, տեսնելով «Իրավունք de facto»-ն, մեխանիկորեն կարդում է թերթի անվանման միայն առաջին հատվածը՝շփոթելով «Իրավունք» թերթի հետ։
Ավելին, ինչպես նշեց Բաբուխանյանը, քանի որ «Իրավունք» թերթը հրատարակվում է մի շարք հավելվածներով, մասնավորապես, «Իրավունք. հարցուպատասխան», «Իրավունք. հետաքննություն», շատ ընթերցողներ «Իրավունք de facto»-ն ընկալում են որպես թերթի հերթական հավելված։
Բաբուխանյանը կարծում է, որ «Տեսակետ ԲԲԸ-ն իրեն անբարեխիղճ է դրսևորել՝ օգտվելով «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության տպագիր մարմնի 20-ամյա գործունեությունից, ինչը որոշ չափով ազդել է «Իրավունք» թերթի ընթերցողների լսարանի քանակի վրա։
«Տեսակետ» ԲԲԸ-ի փաստաբան Նիկոլայ Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ «Իրավունք de facto» թերթի ղեկավարությունը թերթի անունն ընտրելիս որևէ այլ թերթի անվանմանը նմանեցնելու նպատակ չի ունեցել։
«Մեզ համար սկզբունքային էր թերթի անվանման մեջ ունենալ «իրավունք» բառը, սակայն եթե հանձնաժողովի և մեր գործընկերների կարծիքով դա շփոթյան մեջ է գցում ընթերցողներին, մենք պատրաստ ենք վերանայել մեր թերթի դիզայնը»,- ասաց նա։
Ինչպես նշեց ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը, հաշվի առնելով հանձնաժողովի փորձագետների եզրակացությունները և այն փաստը, որ «Տեսակետ» ԲԲԸ-ն պատրաստ է զիջումների գնալ, ՏՄՊՊՀ-ն որոշել է տվյալ փաստը համարել անբարեխիղճ մրցակցություն և ընկերությանը ժամանակ տալ՝ թերթը վերանվանելու թերթի դիզայնը փոխելու համար։-0-