Հայաստանն առաջին անգամ քայլ արեց Թուրքիայի հետ կապեր հաստատելու ուղղությամբ. թուրքագետ
Արտաքին աշխարհի պատկերացմամբ, Հայաստանն առաջին անգամ նախաձեռնություն ստանձնեց Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու ուղղությամբ, ասաց թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանը։
«Հայաստանի նախագահի կողմից Թուրքիայի նախագահին ֆուտբոլային հանդիպմանը հրավիրելը խոսում է այն մասին, որ մենք սկսել ենք ինչ-որ բան անել։ Սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարթման նախաձեռնությունն առաջին անգամ անցնում է երկու երկրների ձեռքը և չի ելնում Արևմուտքի պահանջներից», - ասաց Շաքարյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական հրավեր է ուղարկել Գյուլին՝ այցելելու Երևան և ներկա գտնվելու Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը, որը տեղի կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում սեպտեմբերի 6-ին՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումների շրջանակներում։
Թուրքագետի խոսքերով, եթե թուրքական կողմն ընդունի հրավերը, ապա դա կխոսի Հայաստանի կողմից արդյունավետ դիվանագիտական քայլի մասին և քաղաքական դիվիդենտ կդառնա երկրի համար։ Միաժամանակ եթե Գյուլը մերժի հրավերը, ապա դա կնշանակի, որ «իրենք ինչ-որ խնդիրներ ունեն»։
«Թուրք հասարակությունը բավականին ջերմ ընդունեց Սարգսյանի առաջարկը, և շատերը կարծում են, որ այն պետք է ընդունել։ Շատերն ասում են, «կարևոր չէ՝ մենք խաղում կհաղթենք, թե ոչ, կարևորը, որ խաղաղություն լինի»», - ասաց Շաքարյանը։
Նրա կարծիքով բնակչության արմատական տրամադրված հատվածը ևս հանդես է գալիս Գյուլի՝ Երևան գալու կողմ, քանի որ կարծում է, որ ՀՅԴ-ն անպայման մարզադաշտում հակաթուրքական պաստառներ կկախի ու որոշակի քայլեր կձեռնարկի, որոնք հնարավոր կլինի ներկայացնել որպես սադրանք։
«Ամեն դեպքում, Սարգսյանի հրավերը դրական քայլ եմ համարում։ Սովորաբար, ինչ-որ առաջարկներ գալիս էին Թուրքական կողմից, իսկ հիմա մենք առաջին քայլն արեցինք, ու նրանք պետք է մտածեն, թե ինչպես վարվեն որպես պատասխան»,- ասաց Շաքարյանը։ --0--