Ընդդիմության հաղթանակը Հայաստանում կնշանակեր քաղաքական ուղու փոփոխություն. ռուս փորձագետ

16.07.2008, 15:26
Ընդդիմության հաղթանակը Հայաստանում կնշանակեր քաղաքական ուղու փոփոխություն. ռուս փորձագետ

Ընդդիմության հաղթանակը կնշանակեր Հայաստանի քաղաքական ուղու փոփոխություն, դրեյֆ դեպի Արևմուտք, և արդյունքում` Լեռնային Ղարաբաղի կորուստ ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միության փլուզում, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը:  

Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը։ Սարգսյանը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ռոբերտ Քոչարյանին։ Ընտրությունների արդյունքները առաջացրեցին ընդդիմության դժգոհությունը` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, և որոշակի հուզումներ առաջացրեցին Երևանում։

«Եվ չնայած ընդդիմության հայտարարություններից դա չէր հետևում, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ կողմերի մոտեցումների էական տարբերությունը խոսում էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա շրջապատը մտադիր են փոխել արտաքին քաղաքականության զարգացման վեկտորը»,- ասաց Ալեքսանդրովը չորեքշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:  

Նա նշեց, որ Ռուսաստանը ուշադիր հետևել է Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին և հուսացել, որ արտաքին քաղաքական ուղղության ժառանգականությունը կպահպանվի, այդ իսկ պատճառով  Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ անհանգստություն առաջացրեցին, որը, սակայն, բնորոշ չէր ողջ հասարակությանը:

«Եվ թեև Հայաստանի նախընտրական արշավը բավականին լայնորեն լուսաբանվում էր ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից, ոչ մի տեղ չէր ընդգծվում իրավիճակի դրամատիզմը և փաստացիորեն չէր խոսվում այն մասին, թե որքան գլոբալ շահեր են վտանգվում՝ ընդդիմության հաղթանակի դեպքում,»- ընդգծեց նա:

Ալեքսանդրովը բավարարվածություն հայտնեց այն առումով, որ Հայաստանում իրավիճակը հանդարտվել է, և հասարակությունում այլևս զանգվածային բողոքի ցույցեր ու բախումներ չեն լինում, «թեև առանձին բռնկումներ շարունակվում են։:

«Նոր ղեկավարությունը բավականին ամուր դիքերում է, և ես չեմ կարծում, որ մոտ ժամանակներս ինչ-որ դրամատիկ իրադարձություններ են սպասվում»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ «իշխանության ժառանգականության պահպանումը հենց այն է, ինչը մեզ լիովին ձեռնտու է»:

--0--