Ռուս փորձագետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ չի տեսնում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հեռանկարներ չեն երևում, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հակասությունները խորքային բնույթ են կրում, և հենց այնպես դրանք կարգավորել չի հաջողվի», - չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Ալեքսանդրովը։
Փորձագետը կարծում է, որ եթե նույնիսկ որևէ պատճառով, օրինակ, Արևմուտքի ճնշման տակ, Թուրքիան գնա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ապա դա ամենևին էլ չի նշանակի, որ այդ հարաբերությունները կարգավորված են։
«Երկու երկրների միջև գոյություն ունեն սկզբունքային տարաձայնություններ՝ Հայոց ցեղասպանության և հայերից խլված տարածքների հարցերի վերաբերյալ։ Այս խնդիրները կմնան, և մինչև դրանք սկզբունքորեն չլուծվեն, ոչ մի կարգավորման մասին խոսք լինել չի կարող», - ասաց նա։
Թուրքիան առաջ է քաշում երեք նախապայման՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար. ղարաբաղյան հակամարտության կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փորձից հրաժարում։-0-