Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է Հայաստանում քաղաքականապես ակտիվ անձանց կալանավորումներով

16.07.2008, 14:41
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է Հայաստանում քաղաքականապես ակտիվ անձանց կալանավորումներով

Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը մտահոգված է Հայաստանում քաղաքականապես ակտիվ անձանց կալանավորումներով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ Այս պահի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 17 մարդ։

«Ես երկարատև քննարկումներ եմ անցկացրել՝ քաղաքական մոտիվներով կալանքների վերաբերյալ և մտահոգություն եմ հայտնում, որ քաղաքականապես ակտիվ անձանցից մի քանիսը կամ նրանք, ովքեր այդպիսին են համարվում, արդեն գրեթե 4,5 ամսվա ընթացքում գտնվում են կալանքի տակ, նրանց կալանքի ժամկետները երկարացվել են, իսկ նրանց գործերը դեռևս դատարան չեն ուղարկվել», - ասել է Համարբերգը երեքշաբթի՝ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ առաջարկել է հայկական իշխանություններին ապացույցների առկայության դեպքում շուտափույթ կերպով ուղարկել գործերը դատարան, հակառակ դեպքում՝ ազատ արձակել կալանավորներին։

Միաժամանակ նա նշել է, որ քաղաքականապես ակտիվ անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն այլ անձնանց իրավունքներին հավասար, այդ թվում նաև պետք է ապահովվի ժամկետի հիմնական մասի ավարտից հետո նրանց ազատման իրավունքը։

«ԵԽԽՎ-ն կանխակալություն չի արտահայտում Հայաստանում քաղաքական իրավիճակի և ներքաղաքական պայքարի առնչությամբ, սակայն կարևոր է, որպեսզի նույնիսկ ճգնաժամային իրավիճակում պահպանվեն մարդկանց իրավունքները», - ասել է Համարբերգը։-0-