Ուկրաինայի հետընտրական իրավիճակը Հայաստանում չկրկնվեց՝ Հայաստանի ղեկավարության հաստատակամության շնորհիվ. փորձագետ
Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Հայաստանում չկրկնվեց՝ ղեկավարության հաստատակամության շնորհիվ, ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը։
Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը։ Սարգսյանը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ռոբերտ Քոչարյանին։ Ընտրությունների արդյունքները առաջ բերեցին ընդդիմության դժգոհությունը և որոշակի հուզումներ առաջացրեցին Երևանում։
«Այստեղ դեր խաղացին Հայաստանի ներքին գործոնները, հատկապես, բավականին գրագետ և կոշտ քաղաքական ղեկավարությունը»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ալեքսանդրովը։
Ալեքսանդրովը նշեց, որ մինչև նախագահական ընտրությունները տված հարցազրույցներից մեկում ինքն ասել էր, որ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Կուչման ու Յանուկովիչը չեն»։
«Ես ասել եմ, որ Քոչարյանն իր պարտականությունները կկատարի որպես երկրի նախագահ, չի սկսի մատնել իր կողմնակիցներին՝ ի տարբերություն Կուչմայի»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքերով, Քոչարյանը վաստակավոր մարդ է, ում շնորհիվ նվաճվել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ պատճառով էլ նրա հանդեպ վերաբերմունքը չի եղել այնպիսին, ինչպիսին Կուչմայի հանդեպ։
«Ղեկավարության խստության, հասարակությունում զգալի աջակցության շնորհիվ հաջողվեց կոտրել իրավիճակը։ Ուկրաինայում նման բան պարզապես անհնար էր»,- ասաց Ալեքսանդրովը։-0-