ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ բազմամյա հայանպաստ գործունեության համար

16.07.2008, 13:30
ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ բազմամյա հայանպաստ գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջոզեֆ Նոլենբերգի և հանձնախմբի անդամների հետ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ բազմամյա հայանպաստ գործունեության համար։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանը կարևորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները Նալբանդյանին են ներկայացրել հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը և նշել են, որ իրենց համարում են հայ ժողովրդի բարեկամ և շարունակելու են իրենց գործունեությունը՝ ի նպաստ հայ ժողովրդրի և Հայաստանի:

Կոնգրեսականների խնդրանքով, Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի գործունեությունն ուղղված է ոչ միայն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև քաղաքական, ռազմատեխնիկական և տնտեսական ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև հայերի դեմ ուղղված թուրքամետ և ադրբեջանամետ բանաձևերի դադարեցմանը։-0-