Համայն հայության առջև կանգնած է վաղվա Հայաստանի կառուցման խնդիրը. նախագահ
Համայն հայության առջև կանգնած է մեկ խնդիր՝ վաղվա Հայաստանի կառուցման խնդիրը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր սերունդներին մենք այլ Հայաստան պիտի թողնենք` զարգացած, ժողովրդավարական ու խաղաղ Հայաստան», - ասել է նա՝ ողջունելով «Բազե-2008» համահայկական երիտասարդական ութերորդ հավաքի մասնակիցներին։
Բազե-2008» համահայկական երիտասարդական ութերորդ հավաքն անցկացվում է հուլիսի 11-18-ը Ջերմուկում։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վաղվա Հայաստանի նպատակադրումը պիտի պարզապես արմատավորված լինի յուրաքանչյուրի մեջ՝ հողագործի և ուսուցչի, շինարարի և պետական ծառայողի, գործարարի և մտավորականի մեջ:
«Սա է թերևս, այն ուղիղ ճանապարհը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մղելու է անընդհատ և անկեղծ ինքնախոստովանության` ես սիրում եմ իմ երկիրը:
Սա է, թերևս, ճանապարհը, որը մեզ կտանի մի իրականության, երբ ամենքս մշտապես հարց կտանք մեզ, արդյո՞ք բավարար եմ գործում, որ հայրենիքս ուղղվի ու բարի մանկան պես ժպտա», - ընդգծել է նա։
Նշելով, որ Հայաստանը նրա քաղաքացիների և աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է, նախագահը ասել է, որ ավելի քան ակնհայտ այս ճշմարտությունը մի բան է պարտադրում` համատեղ ուժերով ծաղկեցնել հայրենիքը:
«Խոսքս, մասնավորապես, ուզում եմ ուղղել մեր գործարարներին և բոլոր մեծահարուստ հայերին։ Ավելի ակտիվ ու նախաձեռնող եղեք հայրենիքի շենացման ձեր նախաձեռնություններում, սա է իմ խնդրանքը բոլորին», - ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը կոչ է արել այնպես անել, «որ մեր երիտասարդները սովորեն լինել հայ ժողովրդի նվիրյալ զավակներ՝ ոչ միայն լոկ մեր խոսքերի հիման վրա, այլ նաև հենվելով ավագ սերնդի պրակտիկ օրինակի վրա»։
«Ես կոչ եմ անում բոլորին. ընտրեք հայրենիքի ձեր մասնիկը, ընտրեք ձեր գրադարանը, դպրոցը, թանգարանը կամ ցանկացած այլ գաղափար, ընտրեք և կառուցեք, ավելացրեք, ստեղծեք, բազմապատկեք, իրականացրեք:
Կերտեք ձեր մանկության հեքիաթը. ահա թե ինչ եմ խնդրում բոլոր գործարարներին և մեծահարուստներին», - ասել է Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ իր կոչն անարձագանք չի մնա։-0-