Չինացի ռեժիսոր Շանցզուն Ցայը Երևանում ներկայացրել է իր «Կարմիր կոմբայն» ֆիլմը

15.07.2008, 14:55
Չինացի ռեժիսոր Շանցզուն Ցայը Երևանում ներկայացրել է իր «Կարմիր կոմբայն» ֆիլմը
Չինացի ռեժիսոր Շանցզուն Ցայը Երևանում ներկայացրել է իր «Կարմիր կոմբայն» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չինացի ռեժիսոր Շանցզուն Ցայը Երևանում ներկայացրել է իր «Կարմիր կոմբայն» ֆիլմը։ Կինոնկարը մասնակցում է «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին և բարձրացնում է ազգային ինքնության կորստի խնդիրը։

«Այս ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր գլոբալիզացիայի արդյունքում կորցրել են իրենց տեղը կյանքում և գտնվում են ինչ-որ տեղ՝ քաղաքի և գյուղի միջև»,- երեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Ցայը։

Ռեժիսորի խոսքերով, «Կարմիր կոմբայն» ֆիլմում ինքը փորձել է պատմել քաղաքի և գյուղի հարաբերությունների մասին։

Ցայն այս համատեքստում ավելացրեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Չինաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես, տնտեսության ոլորտում գրանցվել է «ագրեսիվ աճ», իսկ բնակիչները բախվել են այնպիսի երևույթի, ինչպիսին է ուրբանիզացիան։

«Քաղաքներն ակտիվորեն մեծանում և ընդլայնվում են, իսկ գյուղերը՝ փոքրանում։ Տարեկան մոտ մեկ միլիոն բնակիչ գյուղից քաղաք է տեղափոխվում։ Նրանց մի մասը բնակության վայրը փոխում է՝ իրենց հողերը կորցնելու պատճառով, իսկ շատերն էլ՝ պարզապես լավ կյանք գտնելու ակնկալիքով»,- ասաց նա։

Ռեժիսորն ավելացրեց, որ բնակության վայրը փոխած մարդիկ այլևս չեն կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, չեն կարող ինտեգրվել և քաղաքացի դառնալ, ինչն էլ ազգային ինքնության կորստի է հանգեցնում։

«Այդ գործընթացը մենք անվանում են «դատարկ տների» երևույթ, և հատկապես դա է Չինաստանի վերջին տարիների իրականությունը»,- հստակեցրեց նա։

Շանցուն Ցայի ֆիլմի գլխավոր հերոսը նույնպես քաղաքն է ընտրում։ «Սա երիտասարդության համար ժամանակակից աշխարհում իր տեղը գտնելու միակ միջոցն է»,- եզրափակեց ռեժիսորը։

Չինացի կինոռեժիսոր Շանցզուն Ցայը հայտնի է որպես «Արևածաղիկ», «Տեղատարափ», «Սիրո համեմունքներով ապուրը» ֆիլմերի հեղինակ։

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը բացվել է հուլիսի 13-ին և կտևի մինչև հուլիսի 20-ը։-0-