«Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային երկրորդ համաժողովն է բացվել Երևանում

15.07.2008, 14:32
«Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային երկրորդ համաժողովն է  բացվել Երևանում

«Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային երկրորդ համաժողովն է երեքշաբթի բացվել Երևանում՝ «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

«Համաժողովը կարևոր դեր է խաղում փառատոնի աշխատանքներում և տարածաշրջանի ռեժիսորների գաղափարների ու նախագծերի առաջխաղացման գործում։ Մեր փառատոնի համար կարևոր է հատկապես կյանքի կոչել հետաքրքիր նախագծերը, և եթե «Ոսկե ծիրանի» երեք-չորս հիմնական մրցանակներն անբավարար կլինեն, ապա կստեղծվեն ևս երեք լրացուցիչ մրցանակներ», - համաժողովի բացման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը սկսվել է հուլիսի 13-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աջակցությամբ։ Փառատոնին մասնակցում են 166 ֆիլմեր՝ 60 երկրներից։ «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային նախագիծը «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրի մասն է և կտևի մինչև հուլիսի 17-ը։

«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենի խոսքերով, համաժողովի աշխատանքներն օգնում են հովանավորներ գտնել և ռեժիսորների նախագծերի վարկավորում սկսել։

«Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն իր հերթին նշեց, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» համաժողովին ռեժիսորներից բացի մասնակցում են կինոքննադատներ  և մի շարք կինոփառատոնների ներկայացուցիչներ։

Համաժողովին, մասնավորապես, մասնակցում են Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հուբերտ Բալսի հիմնադրամի (Hubert Bals Fund of Rotterdam International Film Festival), Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի (Göteborg International Film Festival), World Cinema Fund-ի, Պուսանի Միջազգային կինոփառատոնի Պուսան Փրոմոուշն Պլանի (Pusan Promotion Plan of Pusan International Film Festival) ներկայացուցիչները։

««Ռեժիսորներ առանց սահմանների» համաժողովի նպատակը ոչ միայն կինոարտադրության գործընթացում ներառված մարդկանց շփվելու և քննարկումների համար հիմք ստեղծելն է, այլև իսկապես գործող ծրագիր հիմնադրելը՝ ֆիլմերի առաջխաղացմանն աջակցելու համար։ Օրինակ, անցյալ տարվա համաժողովի հաղթողները ձեռք բերեցին ֆինանսավորում, և նրանց աշխատանքների նկարահանումները կսկսվեն արդեն այս տարի», - տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ արդեն 2009 թ.-ին այդ ֆիլմերը կներկայացվեն «Ոսկե ծիրանի» ծրագրում։

2007 թ.-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» համաժողովի հաղթողներն էին «Ամպամած երկնքի ափին» կինոնախագծի հեղինակ Քեթևան Գուջաբիձեն (Վրաստան) և «Երկու վերջին լարախաղացներ» կինոնախագծի հեղինակ Իննա Սահակյանը (Հայաստան)։-0-