ԱՄՆ-ն դրական է գնահատում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

15.07.2008, 14:09
ԱՄՆ-ն դրական է գնահատում  ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը
ԱՄՆ-ն դրական է գնահատում  ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեքշաբթի տարածել է հայտարարություն, որում ողջունում է «Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների հայ-ամերիկյան ծրագրի» ստորագրումը։

Նախօրեին Վաշինգտոնում փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Այս քաղաքական համաձայնագիրը արտահայտում է երկու երկրների կառավարությունների մտադրությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու և այդպիսի միջադեպերին արդյունավետ կերպով արձագանքելու Հայաստանի հզորությունները մեծացնելու ուղղությամբ համագործակցության վերաբերյալ», - նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ։

Ամերիկյան կողմը կարծում է, որ այս համաձայնագրով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները նշանակալիորեն ամրապնդում են իրենց համատեղ ջանքերը, որոնք ուղղված են ահաբեկիչների կողմից բարձր ռադիոակտիվության նյութեր ձեռք բերելու վտանգի կանխմանը:

Այս համաձայնագիրը թվով 5-րդն է, որ ստորագրվել է ԱՄՆ կառավարության Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության շրջանակում: Մինչ այդ ստորագրվել են համաձայնագրեր Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ղրղզստանի հետ:

Այս համաձայնագրերի իրականացմանն աջակցելու նպատակով այս պահին ԱՄՆ կառավարությանը գործընկերության հայտ են ներկայացրել 8 երկրներ ու 3 միջազգային կազմակերպություններ: -0-