Երևանի կինոփառատոնը պետք է զարգացնի իր միջազգային PR-ը. Ռազլոգով

14.07.2008, 17:37
Երևանի կինոփառատոնը պետք է զարգացնի իր միջազգային PR-ը. Ռազլոգով
Երևանի կինոփառատոնը պետք է զարգացնի իր միջազգային PR-ը. Ռազլոգով

Ռուս կինոգետ, արվեստաբանության դոկտոր Կիրիլ Ռազլոգովը կարծում է, որ «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը պետք է ակտիվորեն զարգացնի իր միջազգային PR-ը։

«Փառատոնի ղեկավարությունը զարգացման ճիշտ ռազմավարություն է ընտրել։ 2004 թվականին, երբ ես մասնակցում էի առաջին փառատոնին, այն տարբեր երկրների հայ կինեմատոգրաֆիստների լոկալ հանդիպում էր։ Հետագայում փառատոնը գնաց իր միջազգային վարկանիշի զարգացման ճանապարհով, սակայն դեռ ոչ բոլորը գիտեն երևանյան փառատոնի մասին»,- երկուշաբթի լրագրողներին ասաց փառատոնի կազմակերպիչների հրավերով Երևանում գտնվող Ռազլոգովը։

Նրա խոսքերով, «Ոսկե ծիրանն» արդեն հաստատվել է որպես միջազգային չափումներ ունեցող փառատոն, ինչը, Ռազլոգովի կարծիքով, հետաքրքիր է ոչ միայն Երևանի հանդիսատեսի, այլև միջազգային հանրության համար։

«Փառատոնը հրապուրում է հայտնի կինեմատոգրաֆիստներին, չի հրապուրվում աստղերով, սակայն ռեժիսորների աստղային կազմ ունի»,- ավելացրեց նա։

Ռուս կինոգետը կարծում է, որ փառատոնի ղեկավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնի կինոարվեստի այն ներկայացուցիչներին, ովքեր հետաքրքված են հայկական կինոյով։

Բացի այդ Ռազլոգովն ավելացրեց, որ փառատոնի ղեկավարությունը վայրկենապես վերցնում է միջազգային փառատոններում նկատվող միտումները և ճկուն կերպով արձագանքում դրանց։ Այս համատեքստում կինոգետը մատնանշեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում նախագծերի շուկայի ստեղծումը։

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը սկսվել է հուլիսի 13-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։-0-