Հայաստանի իշխանությունները լի են մարտի 1-ի դեպքերի ամբողջական հետաքննություն անցկացնելու վճռականությամբ

14.07.2008, 14:59
Հայաստանի իշխանությունները լի են մարտի 1-ի դեպքերի ամբողջական հետաքննություն անցկացնելու վճռականությամբ

Հայաստանի իշխանությունները լի են մարտի 1-ի դեպքերի ամբողջական հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վճռականությամբ, երկուշաբթի հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ընթացքում։

«Աբրահամյանն ավելացրել է, որ որևէ մեկը չի կարող հետապնդվել քաղաքական հայացքների համար», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Այս իրադարձությունները հետաքննելու նպատակով ստեղծվել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։

«Զրուցակիցները քննարկել են ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքը, մասնավորապես՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող անձանց իրավական կարգավիճակի և մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննության խորհրդարանական ձևաչափի հետ կապված հարցերին», - նշեցին մամուլի ծառայությունից՝ ավելացնելով, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այս խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին մոնիտորինգի հանձնաժողովում պետք է ներկայացնի զեկույց:

Հայաստանի վերաբերյալ 1620 բանաձևն ընդունվել է հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում՝ նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, որը նախատեսում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննությանը, ընդդիմության իրավունքների ընդլայնմանն ուղղված պահանջները չկատարելու դեպքում։ Հայաստանի կողմից նոր բանաձևի կատարման ժամկետը երկարացվել է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը։-0-