Հայաստանի օմբուդսմենն անհրաժեշտ չի համարում փաստեր ներկայացնել իր պաշտպանության խնդրանքը հիմնավորելու համար

11.07.2008, 13:29
Հայաստանի օմբուդսմենն անհրաժեշտ չի համարում փաստեր ներկայացնել իր պաշտպանության խնդրանքը հիմնավորելու համար
Հայաստանի օմբուդսմենն անհրաժեշտ չի համարում փաստեր ներկայացնել իր պաշտպանության խնդրանքը հիմնավորելու համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում կոնկրետ փաստեր ներկայացնել՝ իր պաշտպանության խնդրանքը հիմնավորելու համար։

Հուլիսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակ է հղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Պատասխան հայտարարության մեջ նշվում է, որ ԱԱԾ-ն պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և խնդրում է Հարությունյանին՝ ներկայացնել այն փաստերն ու կոնկրետ իրողության վրա հիմնված ենթադրությունները, որոնք հիմք են ծառայել նման դիմումի համար։

«Օրենքում հստակ նշվում է, որ պետությունը և համապատասխան մարմինները պարտավոր են միջոցներ ձեռնարկել միայն Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության հիման վրա», - ուրբաթ լրագրողներին ասաց Հարությունյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով, իր կողմից ԱԱԾ ուղարկված նամակը կազմվել է օրենքի հիման վրա, որտեղ պաշտպանության տրամադրման համար խնդրանքը որևէ փաստերով հիմնավորելու պահանջ չկա։

«Եթե ԱԱԾ-ն կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է, ապա մեզ մոտ այս առնչությամբ ոչ մի խնդիր չկա, իսկ եթե նրանք պահանջում են կոնկրետ փաստեր ներկայացնել, ապա այստեղ մենք անելիք չունենք», - ընդգծեց նա։

Այս առնչությամբ Հարությունյանը նշեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչ փաստերի մասին է խոսքը։

«Ես ԱԱԾ եմ դիմել ոչ փաստերի հիման վրա, այդ պատճառով պետք չէ դրանք ինձանից պահանջել», - պարզաբանեց նա։

Միաժամանակ նա ավելացրեց, որ «եթե երկրում չզարգանա մարդկանց զանգվածային կալանավորման պրակտիկան, որը գործում էր դեռևս խորհրդային ժամանակներից, և ձևավորվի նորմալ մթնոլորտ, պաշտպանության անհրաժեշտությունն ինքնըստինքյան կանհետանա»։-0-