Հայաստանում արդարադատությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա. ՎԴ նախագահ

10.07.2008, 17:53
Հայաստանում արդարադատությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա. ՎԴ նախագահ
Հայաստանում արդարադատությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա. ՎԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ներկայումս Հայաստանում արդարադատությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա, կարծում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը։

«Չնայած վերջին տարիների էական առաջընթացին, օրենսդրական մեխանիզմների սահմանմանը, կազմակերպչական ապահման մակարդակի բարձրացմանը՝ Հայաստանում արդարադատությունը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա։ Այդ մակարդակին կհասնենք միայն այն ժամանակ, երբ երկրում հասանելի և արդյունավետ արդարադատություն կապահովվի»,- հինգշաբթի ՀՀ Վճռաբեկ դատարանի 10-ամյակի միջոցառմանն ասաց Մանուկյանը։

ՀՀ Վճռաբեկ դատարանը ձևավորվել և իր գործունեությունը սկսել է 1998 թ. հուլիսի 10-ին։ Այն բաղկացած է երկու պալատից՝ քրեական գործերի պալատ և քաղաքացիական ու վարչական գործերի պալատ։

Մանուկյանի խոսքերով, ՎԴ-ի տասնամյա գործունեությունը բավականաչափ ժամանակահատված է աշխատանքների արդյունքների ամփոփման և ապագա ծրագրերի մասին լրջորեն մտածելու համար։

ՎԴ նախագահը նշեց, որ անցած ուղին հարթ չէր, քանի որ 10 տարի առաջ ստեղծված Վճռաբեկ դատարանը ժառանգություն էր ստացել դատական համակարգ, որն իր մեջ պարունակում էր խորհրդային արդարադատության բոլոր բացասական գծերը։

«Համակարգն այն ժամանակ չի դադարել գործադիր մարմնի կցորդ լինելուց, օրենսդրությունը չի պարունակել ազատ և անկախ դատավարությունների հայեցակարգային երաշխիքներ, կազմակերպչական ապահովությունը եղել է ծայրահեղ վատ վիճակում, ինչին գումարվում էր բնակչության վստահության ցածր մակարդակը»,- տեղեկացրեց Մանուկյանը։

Դատարանի ղեկավարը նշեց, որ 1988 թվականին սկսված դատաիրավական բարեփոխումները սահմանել են դատական համակարգի նոր դերը, իսկ 2005 թվականին Սահմանադրության բարեփոխումներից հետո ՎԴ-ն ընդունել է Հայաստանում օրենքների միասնական կիրառման ապահովման առաքելությունը։

«Սահմանվել է Վճռաբեկ դատարանի նոր դերը, որը դադարել է թեև բարձրագույն, սակայն հերթական դատական ատյան լինել, և դարձել է օրինաստեղծման կարևոր աղբյուր և օրենքի առջև բոլորի հավասարության երաշխիք։ Այդ կարգավիճակը ստանալով՝ ՎԴ-ն կարճ ժամանակում մի շարք որոշումներ է կայացրել, որոնք էական նշանակություն են ունեցել միասնական դատական պրակտիկայի ապահովման, իրավունքի զարգացման և քաղաքացու իրավունքի պաշտպանության համար»,- ընդգծեց Մանուկյանը։-0-