Հայաստանը բավականաչափ ներուժ ունի, որպեսզի կշիռ ունեցող գործոն դառնա տարածաշրջանում

10.07.2008, 15:08
Հայաստանը բավականաչափ ներուժ ունի, որպեսզի կշիռ ունեցող գործոն դառնա տարածաշրջանում

Հայաստանը կարող է նորից կշիռ ունեցող գործոն դառնալ տարածաշրջանում, կարծում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» և «Հայ կամավորների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող խորհրդի ղեկավար ժիրայր Սեֆիլյանը։

«Հայաստանը վերջին շրջանում դադարել է գործոն լինել տարածաշրջանում, բայց նա միշտ ունեցել է և ունի բավականաչափ ներուժ։ Քանի դեռ այն չի վերականգնվել, երկիրը չի կարող առաջ մղել իր շահերը»,- հինգշաբթի Մամուլի ազգային ակումբում ասաց Սեֆիլյանը։

Այս կապակցությամբ նա նշեց երկրի վարած արտաքին քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը, որպեսզի բարձրանա վարկանիշն ու հեղինակությունը։

Նրա խոսքերով, Հայաստանի նկատմամբ անգամ բարեկամաբար տրամադրված հարևան երկրները, իրենց քաղաքականությունը վարելիս վաղուց արդեն հաշվի չեն առնում Հայաստանի դիրքորոշումը։

«Անգամ այնպիսի երկիր, ինչպիսին Իրանն է, որը, ես վստահ եմ, մեզ միայն բարին է կամենում, ճշտում է  Հայաստանի և Մոսկվայի հարաբերություններին վերաբերող հարցերը»,- ասաց Սեֆիլյանը։

Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը սխալ արտաքին քաղաքականություն է վարում մի շարք հարցերում, մասնավորապես, Ղարաբաղի հարցում։

«Իհարկե, մենք չենք կարծում, որ ղարաբաղյան հարցը պետք է որքան հնարավոր է արագ լուծել, քանի որ հակամարտության արագ լուծումը Հայաստանի համար անցանկալի հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Սեֆիլյանը։

Միաժամանակ նա անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի ազատագրված հողերի և տարածքների բնակեցումն ու Նախիջևանը վերադարձնելու հարցի բարձրացումը, քանի որ դրա համար բավականաչափ հիմքեր կան։-0-