Իրանում գտնվող երեք հայկական վանական համալիրներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

10.07.2008, 15:01
Իրանում գտնվող երեք հայկական վանական համալիրներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Իրանում գտնվող երեք հայկական վանական համալիրներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Իրանի տարածքում գտնվող երեք հայկական վանական համալիրներ՝ Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեոս Առաքյալի և Ծոր Ծորի մատուռն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Այս որոշումն ընդունվել է հուլիսի 2-10-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 32-րդ նստաշրջանի ընթացքում։

«Իրանի կողմից հայկական հուշարձանների ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, որին Հայաստանն իր ամենայն աջակցությունն է ցույց տվել գործընթացի բոլոր փուլերում, միջմշակութային համագործակցության ու փոխըմբռնման վառ դրսևորումն է։ Այն հիմնված է դարերով միմյանց հարևանությամբ ապրած ժողովուրդների միջև առկա հարգանքի, նրանց պատմությունն ու ժառանգությունը որպես քաղաքակրթությունների ձեռքբերում դիտարկելու և արժևորելու մոտեցման վրա», - ասվում է ԱԳՆ-ի տեղեկատվության մեջ։

Նույն օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվեցին ևս երեք հուշարձաններ` Մավրիտանիայի Լե Մորնե մշակութային լանդշաֆտը, Սաուդյան Արաբիայի Ալ-Հիջր հնագիտական տարածքը և Չինաստանում գտնվող Ֆուջիան Տուլոու հուշարձանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի շրջանակներում վերը նշված ցուցակում ընդգրկված են շուրջ 851 համաշխարհային նշանակության արժեքներ: -0-