Երևանի մարտյան անկարգությունների փաստի առթիվ կալանքի տակ է մնում 16 մարդ. Գլխավոր դատախազություն
Հուլիսի 7-ի դրությամբ Երևանի մարտյան անկարգությունների փաստի առթիվ նախնական կալանքի տակ է մնում 16 մարդ, ևս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։
Տռուզյանի խոսքերով, դատարան է ուղարկվել 80 քրեական գործ 91 անձի վերաբերյալ։ Դրանցից 49-ով՝ 55 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է։
«Նշված 55 անձանցից 5-ն արդարացվել են, 21-ը՝ դատապարտվել 1-ից 5 տարի ժամկետով ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 25-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ, պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան», - տեղեկացրել է Տռուզյանը։-0-