ՀՀ նախագահը բավարարված է հայ-իրանական հարաբերությունների մակարդակից

10.07.2008, 14:05
ՀՀ նախագահը բավարարված է հայ-իրանական հարաբերությունների մակարդակից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումն ու երկու երկրների կայուն և հուսալի գործընկերությունը», - նշել են մամուլի ծառայությունից։

Իրանի արտգործնախարարի առաջին տեղակալն իր հերթին ընդգծել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ նշելով, որ առաջընթացի համար հիմք են ծառայում երկու ժողովուրդների պատմական խորը արմատները, դարավոր բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները:

Շեշտելով, որ տնտեսական հարաբերությունները հիմնականում կենտրոնացել են ռազմավարական նշանակության խոշոր ծրագրերի իրականացման վրա, կողմերը կարևորել են նաև առևտրային կապերի խրախուսումը:

Հանդիպմանը Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան համառոտակի ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին:-0-