Հայաստանի փոխվարչապետը հրավիրվել է Չինաստանում կայանալիք առևտրաներդրումային տոնավաճառին

10.07.2008, 13:17
Հայաստանի փոխվարչապետը հրավիրվել է Չինաստանում կայանալիք առևտրաներդրումային տոնավաճառին
Հայաստանի փոխվարչապետը հրավիրվել է Չինաստանում կայանալիք առևտրաներդրումային տոնավաճառին

Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզիուինը հրավիրել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարաման նախարար Արմեն Գևորգյանին այցելել Չինաստան՝ սեպտեմբերի 2-6-ը այնտեղ կայանալիք 4-րդ առևտրաներդրումային տոնավաճառին մասնակցելու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նախարարության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշեց գործակալության զրուցակիցը, նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Միաժամանակ, Հայաստանի փոխվարչապետը դրական է գնահատել հայ-չինական փոխհարաբերությունների մակարդակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Պեկինի օլիմպիադայի նախապատրաստության ընթացքը:

Գևորգյանը հետաքրքրվել է նաև Չինաստանի Սիչուան գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման ընթացքով: Դեսպան Ցզիուինը տեղեկացրել է, որ ՉԺՀ-ի կառավարությունը նախատեսում է այն իրականացնել 3 տարում: Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար:

Մայիսի 29-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 30 մլն դրամ (շուրջ 100 հազ. դոլար) հատկացնել՝ Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։-0-