Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության. նախագահ

Հայաստանի և Թուրքիայի միջև վստահելի, նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը թույլ կտա հանգամանորեն քննարկել երկու կողմերին մտահոգող հարցերի համալիրը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող զգալի առաջընթաց ակնկալել՝ առանց հարաբերությունների նման կառուցման։ Միայն այս կերպ մենք կարող ենք արդյունավետ երկխոսություն հաստատել՝ անդրադառնալով նույնիսկ պատմական ամենավիճահարույց հարցերին», - ասել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջիններից էր, ով շնորհավորեց իրեն՝ փետրվարին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Այս առնչությամբ նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը Գյուլի քայլը գնահատել է որպես «դուռ՝ նոր երկխոսության համար»։
«Այս պահի դրությամբ չկան իրական այլընտրանքներ՝ մեր երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար, սակայն ես հուսով եմ, որ մեր կառավարությունները կկարողանան նոր դուռ բացել», - ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ արդեն շատ հայեր և թուրքեր գտել են սահմանը շրջանցելու ուղին, մասնավորապես, նրանք օգտագործում են Երևանից Ստամբուլ և Անթալիա կանոնավոր չարտերային չվերթերը։
Բացի այդ, նախագահի խոսքերով, կան շատ ավտոբուսներ և տաքսիներ, որոնք անցնում են Վրաստանի միջով, ինչպես նաև ՀՀ նախագահը նշել է, որ ստեղծվել է շրջանցիկ ճանապարհ՝ կոնտեյներների տեղափոխման համար, ինչը հնարավոր է դարձնում առևտուրը երկրների միջև։
«Երկխոսության ճանապարհին կարող են երկու կողմերից էլ քաղաքական արգելքներ առաջանալ, սակայն մենք պետք է մեր գործողություններում խիզախ և հեռատես լինենք։ Հայաստանը և Թուրքիան չեն կարող և չպետք է մշտական մրցակիցներ լինեն», - ասել է Սարգսյանը։
Նախագահի կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի համար առավել հեռանկարային և շահավետ ապագան, որին մենք կարող ենք և պետք է հասնենք, դեպի Եվրոպա արևելյան-արևմտյան միջանցքի բացումն է։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:
Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0--