Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկություններն անընդունելի են Հայաստանի համար. ՀԴԿ առաջնորդ

09.07.2008, 15:00
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկություններն անընդունելի են Հայաստանի համար. ՀԴԿ առաջնորդ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկություններն անընդունելի են Հայաստանի համար. ՀԴԿ առաջնորդ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկություններն անընդունելի են Հայաստանի համար, կարծում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համանախագահները կարծում են, որ «մադրիդյան առաջարկություններն» արդար ու հավասարակշռված են։

«Որքան էլ մեզ համոզեն, որ դրանք պարունակում են Հայաստանի համար շատ բարենպաստ տարրեր, ես ձեզ միանշանակ կասեմ, որ չի կարող միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման գաղափարը հիմք լինել՝ ընդունելու համար Ադրբեջանի կողմից մեզ առաջադրված սկզբունքները, խոսքը, մասնավորապես, տարածքները ետ վերադարձնելու և այդ տարածքներում միջազգային ուժեր տեղակայելու մասին է», - ասաց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Սարգսյանի խոսքերով, այդ սկզբունքների ընդունումը նշանակում է, որ հայկական կողմը ջնջում է Լեռնային Ղարաբաղի անցած 20-ամյա իրավական ուղին և ամեն ինչ սկսում է զրոյից։

Այս առնչությամբ նա նշեց, թե այն կարծիքը, որ իբրև թե Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն արվում են ներքին օգտագործման համար, սխալ է, քանի որ այդ դիրքորոշումն արդեն դառնում է ողջ ադրբեջնական ժողովրդի դիրքորոշումը, ժողովուրդ, որը հայերին թշնամի է համարում։

«Սա պատահական քարոզչություն չէ, և մենք պետք է բոլորս միասին այնպիսի գործողություններ ձեռնարկենք, որոնք կչեզոքացնեին այդ գործընթացը», - ասաց ՀԴԿ առաջնորդը։

Այս առնչությամբ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը չի բացառում, որ կգա ժամանակը, և Հայաստանն ընդհանրապես կհրաժարվի մի երկրի հետ բանակցելուց, որն ամեն օր սպառնում է պատերազմով՝ հայտարարելով, որ ԼՂՀ-ն օկուպացված տարածք է։

«Սա նշանակում է, որ մենք չենք կարողացել միջազգային հանրությանը հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը, մասնավորապես, ինչով ենք պայմանավորում Լեռնային Ղարաբաղի անկախությունը», -ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-