«Հայկական տառարվեստն այսօր» ցուցահանդեսը բացվել է Լինքոլնի տաճարի գրադարանում

09.07.2008, 13:45
«Հայկական տառարվեստն այսօր» ցուցահանդեսը բացվել է Լինքոլնի տաճարի գրադարանում

«Հայկական տառարվեստն այսօր» ցուցահանդեսը բացվել է Լինքոլնի տաճարի գրադարանում (Wren Library, Lincoln Cathedral), երեքշաբթի տեղեկացրել են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Լինքոլնի համալսարանի Արվեստի և դիզայնի դպրոցի կողմից կազմակերպված ցուցահանդեսն անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2008թ. լեզուների միջազգային տարի հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակներում:

Մինչև հուլիսի 12-ն անցկացվող ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը։ Հայ դիվանագետը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին և անդրադարձել է հայ ինքնության պահպանման գործում հայոց գրերի անգնահատելի դերին ու նշանակությանը։

Լինքոլն այցի շրջանակներում Գաբրիելյանը հանդիպել է Լինքոլնի քաղաքապետ Ռոն Հիլսի (Cllr. Ron Hills,), Լինքոլնից ընտրված` Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ Ջիլիան Մերոնի (Gillian Merron MP) և Լինքոլնի տաճարի վանահայր Ֆիլիպ Բաքլերի (The Very Reverend Philip Buckler,) հետ:

Մերոնի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունները: Հաշվի առնելով, որ Ջիլիան Մերոնը Միջազգային զարգացման նախարարությունում  զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը` Գաբրիելյանն անդրադարձել է կառույցի գործունեությանը Հայաստանում` կարևորելով տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող Միացյալ Թագավորության աջակցությունը: Հայաստանի  դեսպանի խնդրանքով Մերոնը ներկայացրել է վերջին շրջանում Միացյալ Թագավորությունում տեղ գտած ներքաղաքական զարգացումները` հատկապես լեյբորիստական կուսակցության վարկանիշի անկման համատեքստում:

Լինքոլնի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ Գաբրիելյանը քննարկել է Հայաստանի շրջանների միջև հետագա համագործակցության հնարավորությունները: Վանահայր  Ֆիլիպ Բաքլերի հետ հանդիպման ընթացքում նա մասնավորապես անդրադարձել է հայ եկեղեցու պատմությանը և շնորհակալություն հայտնել տաճարում հայոց գրերին նվիրված ցուցահանդեսին աջակցելու համար։-0-