ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է Սևանա լճի տարածքում հերպես հիվանդության բռնկման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է Սևանա լճում հանգստացողների շրջանում հերպես հիվանդության տարածման մասին տեղեկատվությունը։ ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան, պրոֆեսոր Կարեն Բաբայանի խոսքերով, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Հերպես վիրուսի առաջին տիպն արտահայտվում է շրթունքի, քթի հատվածում, իսկ երկրորդը` սեռական օրգանների շրջանում: Այս վիրուսը գլուխ է բարձրացնում, երբ ընկնում է մարդու դիմադրողականությունը, խախտվում է մաշկի ամբողջականությունը: Վիրուսի կրկնման պատճառներից են վիտամինային պակասը, ընդհանուր մրսածությունը, ուժեղ քամիները, ռադիացիան, գազերը և այլն։
«Հերպես վիրուսը տարածվում է անմիջական շփմամբ և ոչ մի պարագայում ջուրը չի կարող տվյալ վարակի տարածման պատճառ դառնալ, իսկ ինչ վերաբերում է ափամերձ տարածքներին, լողափերին, ապա այս դեպքում ևս հերպեսի վիրուսը չի կարող տարածվել, քանի որ վերջինս արևի ճառագայթներից անմիջապես ոչնչանում է», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Բաբայանի խոսքերը ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հետևաբար, նշել է նա, հերպես վիրուսը վտանգ չի ներկայացնում Սևանա լճում հանգստացողների համար։
Սևանա լիճը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Գեղարքունիքի մարզում և երկրի ամենահայտնի հանգստյան վայրերից է։ Սևանա լիճը զբոսաշրջիկներին գրավում է իր դրախտային գեղեցկությամբ և մագնիսական ուժով, ամռանը այնտեղ տապից փրկվում են հազարավոր մարդիկ։
Սևանի լողավազանի տարածքում գտնվում են մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ։ Դրանցից մեկը Սևանի վանական համալիրն է, որը կառուցվել է 7-րդ դարում և գտնվում է թերակղզու վրա։ Սևանի արևտմյան ափին՝ Գավառ քաղաքի շրջանում բխում են «Եսենտուկիի» նման աղբյուրներ։.-0-