ԵԱՀԿ ՄԽ համանախագահի ներկայությունը Բաքվի ռազմական շքերթին դիվանագիտական անգրագիտություն է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ներկայությունը Բաքվի ռամական շքերթին վրդովեցուցիչ փաստ է և դիվանագիտական անգրագիտություն, երեքշաբթի լրագրողներին ասաց հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի Զինված ուժերի 90-ամյակին նվիրված զորահանդես։ Շքերթին Հայաստանին ուղղված հերթական ռազմատենչ հայտարարություններով հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բաքվի զորահանդեսը միջնորդների և տարածաշրջանի հանդարտությամբ շահագրգիռ երկրների նկատմամբ ճնշում գործադրելու և ուժ ցուցադրելու փորձ էր։ Ադրբեջանում դա նույնիսկ չէին էլ թաքցնում»,- ասաց Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով, որ ցուցադրված հզորությունը թվացյալ էր։
Փորձագետի խոսքերով, Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունները Ֆասիեից պետք է հրապարակայնորեն բացատրություն պահանջեին, թե «ինչ էր ուզում տեսնել կամ իմանալ զորահանդեսի ժամանակ և ինչպես էր նրա ներկայությունը նպաստում իր միջնորդական գործունեությանը»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-