Հայաստանն ամբողջությամբ չի կատարում իր պարտավորությունները խոսքի ազատության ուղղությամբ. ԵՄ
Հայաստանն ամբողջությամբ չի կատարում Եվրախորհրդի առջև ունեցած պարտավորությունները՝ երկրում խոսքի ազատություն ապահովելու մասով, կարծում է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի քարտուղարության ծրագրի համակարգող Ֆրանցիսկա Կլոպֆերը։
«Հայաստանի բաղթողումները նշված են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևերում, որոնք նախևառաջ մատնանշում են հեռարձակման ոլորտի կարգավորումը՝ ելնելով «Ա1+»-ի գործով Եվրոդատարանի որոշումից»,- ասաց Կլոպֆերը երեքշաբթի՝ ելույթ ունենալով «Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային համաժողվի ժամանակ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 17-ին բավարարել է «Մելտեքս» ( «Ա1 +»-ի հիմնադիր - «Նովոստի-Արմենիա») ընկերության և նրա ղեկավար Մովսես Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը համարել է, որ «Ա1+»-ին եթերից զրկելով՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) և երկրի կառավարությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։
Կլոպֆերն ավելացրեց, որ ինչպես ցույց է տալիս այս գործի վերաբերալ կայացված որոշումը, հեռարձակման օրենսդրությունը այդ ոլորտում անկախության ու բազմազանության բավականաչափ հնարավորություն չի տալիս։
«Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ բանաձևերում նշվում է, որ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մակարդակը պետք է բարձրացվի, և իշխանություններն այս ուղղությամբ պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկեն»,- ավելացրեց նա։
Կլոպֆերը, մասնավորապես, նշեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի բարեփոխումը՝ ավելացնելով, որ դա ԵՄ-ի կողմից արված ամենահստակ հանձնարարականն է։
Դրա հետ մեկտեղ ծրագրի համակարգողն ավելացրեց, որ համաժողովի անցկացման նպատակը տեղական իշխանությունների, մեդիահանրության և քաղաքացիական հասարակության հետ հայկական ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման համար հետագա քայլերը որոշելն է։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ավելացրեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բարեփոխման փուլում է գտնվում։
«Մենք միջազգային փորձագետների քննարկմանը ներկայացրեցինք այս օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը»,- ասաց նա։
Նրա խոսքերով, աշնանը՝ միջազգային փորձագետների եզրակացությունից հետո, օրենքը կներկայացվի հասարակության լայն շերտերի քննարկմանը։
«Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային համաժողովի կազմակերպիչն է Երևանի մամուլի ակումբը՝ ԵԽԽՎ, ԵԽ և Եվրոպական հանձնաժողվի երևանյան գրասենյակի հետ համատեղ։-0-