Հայաստանին եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում. ԵՄ ներկայացուցիչ

08.07.2008, 14:41
Հայաստանին եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում. ԵՄ ներկայացուցիչ
Հայաստանին եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում. ԵՄ ներկայացուցիչ

ԵԽԽՎ-ի հանդեպ ունեցած պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանին Եվրոմիության եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում, հայտնեց Հայաստնում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը (Raul de Luzenberger)։

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձևի համաձայն, երկիրը կարող է կազմակերպությունում զրկվել ձայնից իրավունքից՝ մինչև Վեհաժողովի ձմեռային նստաշրջանն իր առջև դրված պարտավորությունները չկատարելու դեպքում։

«Եվրոհարևանության ծրագրի գործողությունների ծրագիրը հստակ նշում է Հայաստանի քայլերը, և մենք երկրի իշխանությունների հետ պայամանավորվել ենք դրանց իրականացման առաջնահերթության վերաբերյալ։ Այդ իմաստով չեմ կարծում,  որ հարևանության ծրագրի իրականցումը սպառնալիքի տակ է գտնվում»,- երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Նրա խոսքերով, Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը պայմանավորված կլինի միայն Գործողություների ծրագրի իրականացման արագությունից։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովն իր հերթին ավելացրեց, որ եվրոպական քաղաքականությունն ընդհանուր արժեքների սանդղակի վրա հիմնված մի քանի բաղադրիչ է ներառում, և Հայաստանի կողմից տվյալ արժեքային համակարգի ընդունումը պայմանավորում է հետագա գործողությունները՝ եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում։

Եվրոպական հարևանության գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006թ. նոյեմբերի 14-ին և պաշտոնապես ուժի մեջ է մտել 2007թ. հունվարի 1-ից։

Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։

2007թ. գործողությունների ծրագիրն համապարփակ փաստաթուղթ է, որն իր մեջ ընդգրկում է բոլոր ոլորտները՝ սկսած քաղաքականության և ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերից ընդհուպ մինչև առևտրի և տնտեսության, կրթության, առողջապահության, գիտության ոլորտների բարեփոխումների հարցերը։ Փաստաթուղթը նաև նախատեսում է օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տվյալ ոլորտներում քաղաքականության մշակման կոնկրետացման համատեքստում նոր մոտեցումներ։--0—