Կոռուպցիայի թեման ավելի լայնորեն կարտացոլվի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում
Գլխավոր դատախազության համապատասխան առաջարկությունն ուսումնասիրելուց հետո, ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշման համաձայն, կոռուպցիայի և դրա դեմ պայքարի թեման ավելի լայնորեն կարտացոլվի հայկական միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական պատասխանում նշվում է, որ ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերում «Հասարակագիտություն» առարկայի բովանդակության մեջ կներառվեն նաև կոռուպցիային և նրա կանխարգելմանը վերաբերող առանձին թեմաներ։ Բացի այդ, նախարարության որոշմամբ, փոխտնօրեններն ու դասղեկները կանցնեն վերապատրաստման դասընթացներ այդ թեմայի վերաբերյալ։
Միաժամանակ Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության մեջ նշվում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հասարակագիտություն» առարկայի գործող ծրագրերում ու դասագրքերում հատկացված են համապատասխան դասաժամեր, որոնք նվիրված են կոռուպցիայի հասկացությանը, դրա հատկանիշներին և ձևերին, բացասական հետևանքներին, հաղթահարման ուղիներին, ինչպես նաև դրա դեմ պայքարին։ Այդ հարցերը կընդգրկվեն նաև դասղեկական աշխատանքների և արտադասարանական միջոցառումների ծրագրերում։-0-

