Հայաստանը կարևորում է հարաբերությունները Չեխիայի հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ Երևանում ունեցած հադիպման ժամանակ կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության հասարակության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը նշեց, որ Հայաստանում հետաքրքրությամբ հետևում են այդ երկրում իրականացվող բարեփոխումներին, որոնք կարող են ուսանելի լինել հայկական կողմի համար: Սարգսյանը զրուցակցի հետ խոսել է նաև Եվրաինտեգրման գործընթացում Հայաստանին Չեխիայի կողմից մի շարք ուղղություններով աջակցության ակնկալիքների մասին:
ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է ՀՀ պետծառայողների վարչական ունակությունների բարձրացման, բարեփոխումների գործընթացում ձեռք բերված չեխական փորձի փոխանցման և փորձագիտական օգնության ցուցաբերման, ՀՀ պետծառայողների համար եվրաինտեգրման հարցերով դասընթացների կազմակերպման ուղղությունները:
Տիգրան Սարգսյանը և Կարել Շվարցենբերգն անդրադարձել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: ՀՀ վարչապետը կարևորել է հատկապես մասնավոր ներդրումների` երկուստեք խթանման խնդիրը, որին կարող են նպաստել գործարար համաժողովի կազմակերպումը, միմյանց հետ երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը:
Հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում ևս համագործակցություն զարգացնելու:
Երկուստեք կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-չեխական փոխգործակցությունը:-0-