ԱԱԾ-ն պետք է համակարգի Հայաստանի դեմ ապատեղեկատվությանը դիմագրավելու աշխատանքները. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է համակարգի երկրի դեմ ուղղված ապատեղեկատվությանը դիմագրավելու աշխատանքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Այսօր հատկապես կարևոր եմ համարում տեղեկատվական անվտանգության խնդիրները: Մեր հարևանները հսկայական ծավալներով և անընդհատ ապատեղեկատվություն են տարածում ողջ աշխարհով մեկ: Խոսքս ոչ միայն միջազգային մամուլին է վերաբերում, տարբեր հրատարակություններին, այլև` ինտերնետին, որտեղ Հայոց ցեղասպանությունը մերժող կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը դրվել է պրոֆեսիոնալ հիմքերի վրա»,- ասաց Սարգսյանը հինգշաբթի, ԱԱԾ ղեկավարության հետ հանդիպմանը։
Նրա խոսքերով, բազմաթիվ զարգացած երիտասարդներ, գիտնականներ, կազմակերպություններ, ուղղակի սրտացավ քաղաքացիներ իրենց հնարավորության սահմաններում արժանի հակահարված են տալիս այս դրսևորումներին: Բացի այդ, նախագահն այդ գործում կարևորել է նաև սփյուռքի մեր հայրենակիցների դերը։
«Այնուամենայնիվ, այս գործընթացը համակարգման և ամենօրյա ղեկավարման կարիք ունի: Եվ ես խորապես համոզված եմ, որ հենց Ազգային անվտանգության ծառայությունը կարող է և պարտավոր է այս խնդիրներով զբաղվել»,- ասաց Սարգսյանը:--0—