Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները չպետք է վտանգվեն Վրաստանում առկա հակահայկական տրամադրությունների պատճառով. ՀՀ վարչապետ
Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները չպետք է վտանգվեն Վրաստանում առկա հակահայկական տրամադրությունների պատճառով, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Վրաստանում հայկական եկեղեցիները քանդելու խնդրի հետ կապված՝ Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն վստահեցրել է հայկական կողմին, որ հայկական եկեղեցիների դեմ ցանկացած գործողություն կամ էլ հակահայկական դիրքորոշում դատապարտելի է և անհարիր է վրացի ժողովրդին»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին։
Նա նշեց, որ Գուրգենիձեն վստահեցրել է, թե իրենց կյանքում նման երևույթները երբեք ողջունելի չեն եղել, և որ կառավարությունը հստակ գործողություններ կիրականացնի՝ բացառելու համար այն պատահարները, որոնք կարող են փչացնել փոխհարաբերությունները Հայաստանի հետ։
«Ես վստահ եմ, որ վարչապետը հստակ գործողություններ կձեռնարկի, որպեսզի Վրաստանում հակահայկական տրամադրվածություններ չլինեն, իսկ մենք, մեր հերթին, նույնպես պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք, մասնավորապես, հետևենք, որպեսզի հայ-վրացական բարեկամական հարաբերությունները վտանգի տակ չդրվեն»,- ասաց Սարգսյանը։
Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը մտահոգություն է հայտնել՝ «Սուրբ Նորաշեն» եկեղեցու և նրա հարակից տարածքի նկատմամբ ոտնձգության փաստի կապակցությամբ, որը կազմակերպել է Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևորական Հայր Տարիել Սիկինչելաշվիլին:
«Սուրբ Նորաշեն» եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի և հիմնադրման օրվանից մտել է Վիրահայոց թեմի կազմի մեջ։ XX հարյուրամյակի 30-ական թթ.-ին եկեղեցին, կրոնական այլ կառույցների հետ մեկտեղ, փակվել է կրոնական գործունեության համար և օգտագործվել է որպես գրապահոց։
Վիրահայոց թեմում պնդում են, որ վերջին օրերին Հայր Տարիելը և նրա ենթակայության տակ գտնվող աշխատողների խումբը «Սուրբ Նորաշեն» եկեղեցու շենքը և նրան հարակից տարածքը ցանկապատելու նպատակով երկաթե ցանկապատ են կանգնեցնում, որի վրա Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հատուկ կրոնական տարրեր են։--0—