Հայաստանի վարչապետը բնապահպանների հետ քննարկել է բնապապանությանն առնչվող խնդիրներ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող Հասարակական էկոլոգիական դաշինքի անդամներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնապահպանական խնդիրներ, մասնավորապես, Հայաստանի կայուն զարգացման հիմնահարցերը, Երևանում քաղաքաշինության և էկոլոգիական իրավիճակը, Սևանա լճի հիմնախնդիրները և ՀՀ կենսաբազմազանության պահպանության, հատուկ պահպանվող տարածքների, անտառների հետ կապված խնդիրները:
«Հանդիպման ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ հիշյալ բոլոր խնդիրներն անհրաժեշտ է դիտարկել կայուն զարգացման հայեցակարգի ներքո և լուծումներ գտնել Հայաստանի կողմից ստանձնած կայուն զարգացման պարտավորությունների շրջանակներում: Նրանք կարևորել են դեռևս 2002թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի գործունեության ակտիվացումը»,- նշեցին մամուլի ծառայությունում:
Հիշելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջերս ՀՀ ԳԱԱ-ում արված շեշտադրումները և գոհունակություն հայտնելով այդ կապակցությամբ, ՀԿ-ների ներկայացուցիչները համաձայնել են, որ այս ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները հնարավոր կլինի լուծել համակարգային փոփոխությունների, օրենքի գերակայության և կառավարման գիտական հիմքերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանելու պարագայում:
Վարչապետն իր հերթին ասել է, որ ինքը ևս մտահոգված է ներկայացված խնդիրներով և մի շարք հարցերում իրեն համարում է բնապահպանական ՀԿ-ների համախոհը:
Որպեսզի համագործակցությունը լինի ինստիտուցիոնալ և արդյունավետ, Տիգրան Սագսյանը ևս կարևորել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի աշխատանքի ակտիվացումը՝ խոստանալով պարբերաբար խորհրդի նիստեր հրավիրել և համատեղ ձևավորել քննարկվելիք հարցերի օրակարգը:
Վարչապետն ընդունել է ևս մի քանի ՀԿ-ների ներգրավմամբ խոհրդի կազմն ընդլայնելու մասին՝ Էկոդաշինքի ներկայացուցիչների առաջարկը:-0-