Իրավական պետության ամրապնդման հարցում Հայաստանի դատախազության դերը մեծացել է. գլխավոր դատախազ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց իրավական պետության ամրապնդման, ժողովրդավարության զարգացման, իրավական կարգապահության կատարելագործման հարցերում դատախազության դերի բարձրացման մասին։
«Իր պատմական անցյալի բոլոր փուլերում դատախազական համակարգն առանձնացել է ոչ միայն կայուն գործունեությամբ և պետականության հենքի բարձր առաքելությամբ, այլև համամարդկային արժեքներին և ավանդույթներին հավատարիմ մնալու ունակությամբ։ Այսօր ողջ պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ Հայաստանի դատախազությունը առաջատար պետական մարմին է, որը կանգնած է երկրի օրինականության և կարգապահության պաշտպանության դիրքերում»,- ասաց Հովսեփյանը երեքշաբթի՝ Հայաստանի դատախազության հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։
Նրա խոսքով, դատախազական գործառույթները երկրում բազմադարյա արմատներ ունեն և սկզիբ են առնում հայկական հասարակական-իրավական մտքի խոշորագույն ներկայացուցիչների աշխատանքներից։
Հովսեփյանը նշեց, որ 90-ամյա կենսագրության ընթացքում Հայաստանի դատախազության մարմինները զարգացման բարդ ճանապարհ են անցել՝ անմիջական մասնակցություն ունենալով ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում, ազգային պետականության համար հիմքեր ստեղծելու հարցում։ Նա վստահություն հայտնեց, որ այդ ավանդույթները շարունակելու և զարգանալու են։
Հովսեփյանը նշեց նաև դատախազության աշխատակիցների մասնագիտական ունակությունների պահպանման կարևորությունը։ «Հարուստ մասնագիտական գիտելիքները, քաղաքացիական քաջությունը, անկաշառելիությունը, արդարությունը՝ այն կարևոր նշաններն են, որոնք պարտադիր են օրենքի և կարգապահության պաշպանության դիրքերում կանգնած դատախազության աշխատակիցների համար»,- ասաց Հովսեփյանը։
Նա նշեց նաև պետության գույքային իրավունքների պաշտպանության գործում հանրապետության դատախազության մեծ ավանդի, ինչպես նաև հանուն պետականության և օրենքի ամրապնդման՝ իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցության մասին։--0—