Երևանում հուլիսի 19-ին կբացվի ամերիկացի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հուլիսի 19-ին կբացվի ամերիկացի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
«Ամերիկացի գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցադրությունը կընդգրկի Հայաստանի նկարիչների միության երկու ցուցասրահները»,- ասաց Աղամյանը։
Նա ավելացրեց, որ թեև Միության վերանորոգված շենքում հիմնականում կներկայացվեն տեղացի նկարիչների ստեղծագործությունները, ծրագրվում է նաև մեծածավալ նախագծեր անցկացնել՝ օտարազգի նկարիչների մասնակցությամբ։
Ինչպես հայտնեց Աղամյանը, ընթացիկ տարվա հոկտեմբերին հայ հանդիսատեսին կներկայացվի ռուս հայտնի լուսանկարչուհի Եկատերինա Ռոժդեստվենսկայայի ֆոտո-ստեղծագործություների բացառիկ ցուցադրությունը, իսկ արդեն 2009 թվականի սկզբին Միությունը ծրագրում է կազմակերպել շվեյցարացի նկարիչների ցուցահանդես։
ՀՀ նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թվականին։ Այն ժամանակ միությունն ուներ մոտ 40 անդամ, իսկ այժմ Միության անդամ է ավելի քան 1000 նկարիչ։
Երկու տարի շարունակվող հիմնարար վերանորագման արդյունքում Միության ցուցասրահի ընդհանուր մակերեսը մեծացել է 40 տոկոսով և կազմել 1020 քառակուսի մետր։-0-