ՌԵ-ն հուսով է վերականգնել Վրաստանի միջով ՌԴ-ի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությանն առնչվող բանակցությունները

28.06.2008, 12:14
ՌԵ-ն հուսով է վերականգնել Վրաստանի միջով ՌԴ-ի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությանն առնչվող բանակցությունները
ՌԵ-ն հուսով է վերականգնել Վրաստանի միջով ՌԴ-ի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությանն առնչվող բանակցությունները

Ռուսական երկաթուղիների (ՌԵ) նախագահ Վլադիմիր Յակունինը հուսով է վերադառնալ որոշ ժամանակ առաջ քաղաքական պատճառներով ընդհատված բանակցային գործընթացին՝ Վրաստանի և Աբխազիայի միջով Ռուսաստանի հետ Հայաստանի ուղիղ երկաթուղային հաղորդկացության վերականգնման մասին։

«Երեք տարի առաջ մենք արդեն սկսել էինք բանակցությունները վրացիների և հայերի միջև՝ Աբխազիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության մասին։ Այն ժամանակ Վրաստանի և Ռուսաստանի միջև առաջացած քաղաքական բարդ իրավիճակը արգելակեց բանակցությունների ընթացքը։ Այժմ գործընթացը կարծես թե կայունացել է, և մենք կվերադառնանք այդ թեմային», - հայտարարել է Յակունինը «ՌԻԱ Նովոստիին»։

Հայկական երկաթուղային ցանցի՝ դեպի հարևան երկրներ մուտքի չորս կետերից, որոնցից երկուսը Ադրբեջանի հետ են, ևս երկուսը՝ Թուրքիայի և Վրաստանի, աշխատում է միայն վրացականը։ Դրա միջոցով դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ և այնտեղից ջրի վրայով՝ դեպի Ռուսաստան և Ուկրաինա անցնում է Հայաստանի երկաթուղու բեռնահոսքի 80 տոկոսը։ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման մրցույթում հաղթել է ՌԵ-ն՝ 2008 թ. հունվարին։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև Վրաստանի և Աբխազիայի միջով Ռուսաստահի հետ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանը չունի՝ քաղաքական պատճառներով։ Ստանալով Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը՝ Ռուսաստանի մենաշնորհային ՌԵ-ն խոստացավ անել հնարավոր ամեն բան՝ երկրի երկաթուղային շրջափակումը հանելու համար։

«Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապաշրջափակմանը, դա քաղաքական հարց է, Ադրբեջանի, Հայաստանի, այդ թվում նաև՝ Վրաստանի կառավարությունների հարցն է։ Ենթադրում եմ, որ նման հեռանկարներ կան», - ասել է Յակունինը։

Խոսելով Ադրբեջանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման առաջարկությունների մասին՝ ՌԵ նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած մենաշնորհային ընկերությունն այդ բնագավառում զբաղվում է երկու հանրապետությունների համար քաղաքականապես ընդունելի որոշումների մշակմամբ։

«Ինչ վերաբերում է համագործակցության զարգացմանը, մեզանից կախված է որոշ գաղափարների հնարավոր մշակումը, որոնք քաղաքականապես ընդունելի կլինեն և հայերի, և Ադրբեջանի համար։ Մենք աշխատում ենք նման առաջարկությունների վրա», - տեղեկացրել է Յակունինը։

Հայաստանի երկաթուղիները ՌԵ-ն ղեկավարում է այդ նպատակի համար հատուկ ստեղծված հարյուրտոկոսանոց դուստր կառույցի՝ Հարավկովկասյան երկաթուղու միջոցով, որն այդպես է կոչվել ՌԴ-ի հարավային շրջանները սպասարկող ՌԵ-ի մասնաճյուղ Հյուսիսկովկասյան երկաթուղու նմանությամբ։-0-